Monday, September 19, 2011

Լուսինե Բադալյան

Ընդհանրապես իմ արած հարցազրույցներից չեմ տեղադրում բլոգումս: Նախընտրում եմ այն լինի դատարկ, քան լցված լինի այն ամենով, որ անգամ իմ սրտով չի: Առանձնապես ուշադրություն չեմ դարձնում, թե ինչ է կատարվում մեր ռադիոհեռուստատեսությունում, բայց վերջերս շփեցի մի աղջկա հետ, որին բոլորդ էլ կճանաչեք` Լուսինե Բադալյան: Նա շատերից տարբերվում է իր հեռուստատեսային կերպար լինելով, զարգացվածությամբ, մարկային հատկանիշներով եւ, որ ինձ համար շատ կարեւոր երեւույթով. նա ծավալուն գործունեություն է կազմակերպում մեր երկրում օր օրի աճող կրոնական կազմակերպությունների դեմ: Մի խոսքով կարդացեք.

-Լուսինե, ե՞րբ  եւ ի՞նչպես  ընտրեցիք հաղորդավարուհու մասնագիտությունը:
- Չեմ վախենա ասել, որ հաղորդավարի մասնագիտությունը ընտրել եմ մանկուց, որովհետեւ, երբ բակային ճամբարներ էինք կազմակերպում ես միշտ լինում էի  հաղորդավարը կամ կազմակերպիչը, իսկ լուրջ քայլեր արել եմ պատանեկության տարիներից: Ինձ համար երբեք խորթ չի եղել, քանի որ ես մանկուց մայրիկիս հետ եղել եմ  շրջագայությունների, իսկ ինքն այդ ժամանակ համերգավար էր , եւ այդպես ձուլվեցի մասնագիտությանս: Հետագայում սկսեցի աշխատել ռադիոյում եւ հեռուստատեսությունում.աստիճանաբար այդ երկու ուղղությունները սկսեցին հավասարապես ընթանալ: 13 տարի է արդեն աշխատում եմ այս ասպարեզում:
- Ի՞նչն եք համարում Ձեր հաջողությաունների  գրավականը:
- Իրականում հաջողություն ասելը հարաբերական է, չնայած իմ կյանքում դա իսկապես գոյություն ունի, քանի որ 13 տարի է աշխատում եմ նույն բնագավառում եւ դեռ շարունակում եմ աշխատանքս, երեւի հենց դա է իմ հաջողությունը, իսկ գրավականը կարծում եմ ` անկեղծությունն է: Այս երեւույթին հաճախ չես հանդիպի հեռուստատեսությունում, իսկ ես առանց համեստության կարող եմ ասել, որ չափազանց անկեղծ եմ, թե ` էկրանից, թե `կյանքում, ու մարդիկ դա սիրում եւ գնահատում են: Այդպես դու դառնում ես իրենցը: Այդ պատճառով է, երբ ինչ որ մի տեղ հանդիպում են ինձ մարդիկ չեն ասում հաղորդավարուհի է, կամ Լուսինե Բադալյանն է, այլ ասում են` <<Էս Էն մեր հաղորդավարուհին է>>: Հենց այդ <<Մեր>> արտահայտությունը ես համարում եմ լուջ հաջողություն եւ ձեռքբերում:
-Իսկ Ձեր պարագայում բարձր ինտելեկտր չե՞ք համարի հաջողություն:
- Սա եւս հարաբերական է, կարծում եմ  բոլորը պետք է լինեն այդպիսին: Հաղորդավար համարում եմ միայն նրանց ովքեր ունեն ինտելեկտուալ  այնպիսի պաշար, որ կարողանան իրենց դրեւորել յուրաքանչյու ասպարեզում: Իսկ ով ինտելեկտուալ չէ ես իրականում չեմ էլ համարում հաղորդավար: Միշտ ասում եմ դրանք ձախորդ օրեր են ու ձմռան նման կուգան ու կերթան, որովհետեւ նրանք այսօր կան, վաղը` չկան, հուսով եմ չեն լինի: Շատ դեպքերում մտածում եմ, որ իմ ու մի քանի այլ հաղորդավարների այսքան երկար մնալը այս ասպարեզում ոչ թե մեր հաջողությունն է, այլ` մրցակցության նորմալ դաշտ չունենալն է: Այսինքն այդ մի քանիսն ենք, ու ցավոք այսօր ավելի շատ են հեռուստատեսությունները, քան` հաղորդավարները: Պայքար չկա, իսկ, երբ պայքար չկա դոփում ենք նույն տեղում, ձգտում չկա:Լավ կլիներ, որ առաջանար այդ դաշտը, իսկ ես մեծ հպարտությամբ կկրեի միջակ հաղորդավարի կարգավիճակը:
- Իսկ ի՞նչն է Ձեզ  դարձրել Լուսինե Բադալյան:
-Անկասկած դա ընթերցանությունն է: Ես կարդում եմ մանկուց  մինչեւ այսօր : Երբեմն մտերիմներս զարմանում են, թե երբ եմ  հասցնում կարդալ, քանի որ ունեմ երեք տեղ աշխատանք, երկու երեխա, բազմաթիվ հոգսեր, բայց ես դեռ ժամանակ եմ գտնում կարդալու:
Ինձ համար անընդունելի է, երբ հանրային մարդը հնարավորություն է ունենում ինչ որ բան ասելու եւ չի ունենում այդ ասելիքը: Ընթերցանությունը ասելիք է ծնում:
-Հաղորդավարության, ո՞ր ժանրային խմբում չեք տեսնում Ձեզ:
- Պարբերաբար առաջարկներ են լինում լրատվական ծրագրերում աշխատելու համար: Ինձ դեռ այնքան կայացած չեմ համարում, որպեսզի ընդունեմ այդ առաջարկները: Ինձ չեմ տեսնում նաեւ հումորային ծրագրերում, քանի որ, երբ ես անեկդոտ եմ պատմում ինձնից բացի այլ ծիծաղացողներ չեն լինում: Իմ  աշխատանքը բացառում եմ միայն այս երկու :
- Ի՞նչ դերակատարություն է ունեցել ընտանիքդ քո գործունեության վրա, ի՞նչպես է այն ազդել ընդհանրապես:
-Աշխատանքս ճգնաժամ ապրեց , երբ ծնվեցին երեխաներս: Այդ պահին էլի կարող էր չլինել ճգնաժամ, բայց ես հարկավոր էի նրանց ու պետք է լինեի իրենց կողքին: Դրանից հետո դժվար եղավ վերականգնման փուլը. Մարդիկ շուտ են մոռանում, բայց ստացվեց: Այնուհետեւ  ռեժիմը չեմ խախտել: Իսկ օգնելու իմաստով մեծ է եղել ամուսնուս դերը. Ես շատ բան եմ սովորում իրենից: Բնավորության աճի, հասունացման, ճիշտ խորհուրդների համար շնորհակալ եմ միայն  նրան:
-Երբեւիցե Ձեր մասնագիտությունը կփոխե՞իք:
-Չէի ցանկանա: Ապրում եմ այդ գործով, զբաղմունքս իմ կյանքն է , չէի ցանական փոխելու առիթ ստեղծվեր: չնայաց այլ կրթություն եւս ունեմ:
-Կա՞ն այնպիսի մարդիկ, ում հետ չէիք աշխատի:
-Իհարկե կան նման մարդիկ: Կյանքիս այս փուլում շատ կատեգորիկ եմ դարձել: Ինքս լինելով շատ բարի, մարդամոտ, հանդուրժող կան բաներ, որ չեմ համակերպվի, օրինակ, ոչ ինտելեկտուալ մարդկանց հետ չեմ աշխատի, որովհետեւ , եթե մարդն իր վրա չի աշխատում դա արդեն խոսում է իր ծուլության, բնավորության անկատարության մասին: Եթե մարդն իր կյանքում չի կարդացել, դա խոսում է իր հետաքրքրությունների սահմանափակության մասին, եթե չի լսում բարձրակարգ երաժշտություն, դա խոսում է իր հոգեվիճակի անկումային մակարդակի մասին: Նման  մարդկանց բացառում եմ իմ շրջապատից, առավել եւս գործի մեջ   չեմ համագործակցի երբեք, աշխատանք չեմ առաջարկի: Դա իմ կողմից մեկ քայլ ետ գնալ կլինի:
- Նախկին Լուսինե Բադալյանը եւ այսօրվա Լուսինե Բադալյանը միախառնվել են եւ կարծես այդ անջրպետի մեջ առաջացել է գաղափարական խռովք: Կբացե՞ք փակագծերը:
- Գաղափարական խռովքը այնտեղից է գլուխ բարձրացրել, որ ես սկսել եմ ռոմանտիզմով մոտենալ աշխարհին: Ես ուզում եմ տեսնել ամեն ինչ կատարյալ, ուզում եմ տեսնել առողջ հասարակություն, առողջ ընտանիքներ: Ես կարծում եմ չպետք է լռեմ ու նստեմ, դրանով թույլ տալ տարբեր կրոնական կազմակերպություններին ընդարձակվեն: Եթե, որեւէ մեկը չի հավատում նրանց վտանգավորությանը առաջարկում եմ մեկ անգամ տրորել նրանց ոտքը ու կտեսնեք, թե ինչ հրեշավոր բաններ կկատարվեն ձեզ հետ:Կան մարդիկ, որ ես այսօր չեմ կարողանում այլեւս ճանաչել, որովհետեւ ամեն դեպքում ինչ որ բան կատարվում է նրանց հետ այդ հավաքների ժամանակ, մարդիկ կարծես քայքայվում են եւ հենց այդ պատճառով չեմ ուզում տեսնել մեր պետությունը քայքայված ու խճճված վիճակում, խամաճիկի պես մի բան` մի քանի մեծահարուստների ձեռքին, որ աշխատում են ` ջլատիր, որ նվաճես կարգախոսով: Կարծում եմ, որ հիմնավորված է իմ պայքարը, սա պարապ մարդու արած գործ չէ: Ես դա չեմ անում, որպեսզի  ինչ որ  մեկը գնահատի, առաջինը իմ հանգստության համար եմ անում, որ իմ երեխային հոգեպես անկայուն ուսուցիչ չդասավանդի:
- Այդ խնդրում որեւէ արդյունքի հասել ե՞ք :
- Ցավոք դեռ որեւէ արդյունք չեմ արձանագրել, որն էլ կա` անձնական են` շրջապատողների հետ կապված, որ կարողացել եմ ոմանց դուրս բերել այդ վիճակից: Գոնե պետք է կանխենք, որ ավելի չբարգավաճվեն:
-Որպես ՀՀ քաղաքացի որո՞նք են քո ոգեւորություններն ու հիասթափությունները:
- Ոգեւորվում եւ հիասթափվում եմ նույն օրվա մեջ: Ոգեւորվում  եմ այն ուրախ երգերի համար, որ հիմա կան, ուրախ եմ այսօրվա ակտիվ երիտասարդության առկայության համար, հիասթափված եմ, որ ես կատարում եմ ուրիշի գործը` փորձում եմ պայքարել կրոնական կազմակերպությունների դեմ, որն ամենեւին էլ իմ գործը չէ:
 -Ի՞նչ խորհուրդ կտաք երիտասարդությանը:
-Ինքներդ ձեզ հարգեք: Բնավորության, աշխարհայացքի, գիտելիքների հետ կապված գումար հարկավոր չէ: Ամեն ինչ կախված է ձեր աշխատանքից: Ձգտեք հասնել ձեր երազանքներին: Կարդացե՜ք:

No comments:

Post a Comment