Friday, July 29, 2011

6 կանոն, որոնց կատարումը թույլ է տալիս դուր գալ մարդկանց


  1. Անկեղծորեն հետաքրքրվեք ուրիշներով:
  2. Ժպտացեք:
  3. Հիշեք, մարդու անունն իր համար ամենադյութիչ եւ ամենակարեւոր բառն է ցանկացած լեզվով:
  4. Եղեք լավ ունկնդիր: Խրախուսեք ուրիշներին` խոսելու իրենց մասին:
  5. Խոսեք այն մասին, ինչը հետաքրքրում է ձեր զրուցակցին:
  6. Ներշնչեք ձեր զրուցակցին իր նշանակալիության գիտակցությունը եւ արեք այդ անկեղծորեն:

12 կանոն, որոնց կատարումը թույլ է տալիս մարդկանց հակել ձեր տեսակետին


  1. Վեճում հաղթելու միակ միջոցը նրանից խուսափելն է: 
  2. Հարգանքով վերաբերվեք ձեր զրուցակցի կարծիքին:
  3. Եթե իրավացի չեք, ընդունեք արագ եւ վճռականորեն:
  4. Ամենասկզբից հավատարիմ մնացեք բարեկամական տոնին:
  5. Ստիպեք ձեր զրուցակցին անմիջապես պատասխանել <<այո>>: 
  6. Թող ավելի շատ զրուցակիցը խոսի:
  7. Թող ձեր զրուցակիցը կարծի, որ տվյալ միտքը պատկանում է իրեն:
  8. Անկեղծորեն ջանացեք իրերին նայել ձեր զրուցակցի տեսակետից:
  9. Կարեկցանքով վերաբերվեք ուրիշների մտքերին եւ ցանկություններին:
  10. Կոչ արեք ավելի ազնիվ մղումների:
  11. Թատերականացրեք ձեր գաղափարները, մատուցեք տպավորիչ ձեւով:
  12. Մարտահրավեր նետեք , դիպեք զգայուն թելերին:

Thursday, July 14, 2011

Սահյանական շունչ

                                                                   Կգամ...

   Եթե մինչև անգամ 
Լսած լինես, թե ես այս աշխարհում չկամ, 
Միևնույն է, կգամ, ինչ էլ լինի, կգամ, 
Ուր էլ լինեմ, կգամ: 
Եթե մինչև անգամ ես կուրացած լինեմ, 
Եթե մինչև անգամ լույսդ մարած լինի, 
Վերջին հույսդ քամին առած-տարած լինի, 
Առանց լույսի կգամ, ես այս անգամ կգամ 
Մենության մեջ լացող երգիդ վրա: 

Եթե մինչև անգամ 
Քո հավատի հանդեպ դու մեղք արած լինես 
Եվ համարած լինես, որ աշխարհում չկամ, 
Եթե մինչև անգամ հողս մաղած լինես, 
Եթե մինչև անգամ մտքով թաղած լինես, 
Եթե մինչև անգամ ինձ վտարած լինես, 
Վերհուշերիդ վերջին խոնավ քարանձավից, 
Միևնույն է, կգամ, ինչ էլ լինի, կգամ, 
Եվ կճչաս հանկարծ տարօրինակ ցավից... 
Կգամ, գլուխ-գլխի ու ձեռք-ձեռքի կտանք, 
Լաց կլինենք մեռած մեղքիդ վրա: 

Եթե մինչև անգամ հազար սարի ետև 
Հազար կապով կապված, խաչով խաչված լինեմ, 
Տքնած-տանջված լինեմ, միևնույն է, կգամ, 
Ինչ էլ լինի, կգամ, չկանչես էլ, կգամ, 
Եվ կբերեմ ես քեզ ուրախություն մի մեծ 
Անակնկալ դարձիս իրողությամբ— 
Քո տան ու քո հոգու տարողությամբ, 
Երազներիդ, կյանքիդ տևողությամբ: 
Կգամ և կդառնամ գտած բախտի ժպիտ 
Եվ հավատի ժպիտ` տառապանքից մաշված, 
Արտասուքից խաշված դեմքիդ վրա: 

Եթե մինչև անգամ մեջքս ծալված լինի, 
Եթե մինչև անգամ ոտքս վառված լինի, 
Եվ ճակատիս հազար հողմի հարված լինի, 
Միևնույն է, կգամ, ուր էլ լինեմ, կգամ: 
Գետնի տակից կգամ, 
Մի հեռավոր, անհայտ մոլորակից կգամ, 
Կգամ ու թափ կտամ 
Հարդագողի փոշին շեմքիդ վրա:



ԵՎ ՉԻՄԱՑԱՆՔ, ԹԵ ԻՆՉՈՒ

Ես չիմացա, թե ինչու,
Դու չիմացար, թե ինչպես
Պատահեցին մեկ-մեկու
Մեր երազներն - առանց մեզ:

Պատահեցին մեկ-մեկու
Ու կանչեցին ինձ ու քեզ,
Ես չիմացա, թե ինչպես,
Դու չիմացար, թե ինչու:

Դու չիմացար, թե ինչպես,
Ես չիմացա, թե ինչու
Բուրմունք փռեց ծաղկի պես
Դաշնությունը մեր հոգու:

Ես էությամբ դարձա դու,
Դու էությամբ դարձար ես,
Ես չիմացա, թե ինչպես,
Դու չիմացար, թե ինչու:

Խառնվեցին երկու “ես”
Ու դարձան մեկ՝ “ես ու դու”,
Դու չիմացար, թե ինչպես,
Ես չիմացա, թե ինչու:

Բայց չներեց բախտը մեզ,
Ես դարձա ես, դու էլ՝ դու,
Դու չիմացար, թե ինչու,
Ես չիմացա, թե ինչպես:

Ու բախվեցինք մեկ-մեկու,
Ու հեռացանք մշտապես,
Եվ չիմացանք, թե ինչու,
Եվ չիմացանք, թե ինչպես: 

ՉԵՍ ԱՍԻ ՈՉ ՄԻ ԲԱՌՈՎ

Ա՜խ, նորից «Բարի ճամփա»,
Ա՜խ նորից «Մնաս բարով»…
Մի տեսակ տագնապ կա, որ
Չես ասի ոչ մի բառով:

Գնում ես, չես էլ ասում,
Թե մեկ էլ երբ ես գալու,
Եկար էլ, ի՞նչ իմանամ
Ո՞ւմ մոտ ես մեղքդ լալու:

Ներիր ինձ, դու իմ բարև,
Իմ խելոք և իմ համառ,
Հարկադիր այս ծիծաղի
Եվ թաքուն լացի համար:

Գնում ես, էլ ի՞նչ ասեմ,
Սովոր եմ, կդիմանամ
Թող կուրծքս մի քիչ ցավի,
Որ սրտիս տեղն իմանամ:

Մի տեսակ տագնապ կա, որ
Չես ասի ոչ մի բառով,
Ա՜խ, նորից «Բարի ճամփա»,
Ա՜խ նորից «Մնաս բարով»…